16 февраля 2012 г.

Բանակ եւ իրականություն

    Բանակը շատ փոփոխությունների է ենթարկվել իր գոյության 20-ամյա երկար, բայց նաև կարճ տարիների ընթացքում: Եթե համեմատենք իմ ընկեր զինծառայողների պատմությունները, ովքեր ծառայել են 10 տարի առաջ և նրանց պատմությունները, ովքեր ծառայում են հիմա, կարող եմ նշել մեծ առաջընթաց և փոփոխություններ: Օրինակ. «որդով» փլավից-մակարոնով փլավներ, ցուրտ և կեղտոտ զորանոցներից՝ մաքուր, տաք և հարմարավետ զորանոցներ, հին և մաշված տեխնիկայից՝ ժամանակակից և հզոր տեխնիկա:
    
    Անշուշտ այս տարիների ընթացքում նաև բարձրացել է մեր բանակի մարտունակությունը բազում նպատակամետ զորավարժությունների, առավել արհեստավարժ սպաների շնորհիվ: Որ մեր բանակը այժմ առավել հզոր է, համոզվեցինք 2011թ.-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ:
    Ցավոք, այս ամենի կողքին երբեմն տեղ են գտնում տխուր և ցավալի` խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, որոնք ստվեր են գցում բանակի ձեռքբերումների վրա:
     Չգիտես ինչու դրանց համար շատերը մեղադրում են հատկապես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ո՞րն է նրա մեղքը: Ի՞նչ մեղք ունի նախարարը, որ վաշտի որոշ հրամանատարներ, ասենք, համոզում են նորաթուխ ենթասպաներին պակասորդով ընդունել վաշտը և ապա ստիպում լրացնել այդ ահռելի պակասորդը, և ենթասպան անկարողությունից դիմում է ինքնասպանության: Ի՞նչ մեղք ունի նախարարը, որ պայմանագրային զինվորը ալկոհոլի ազդեցության տակ իր ընկեր զինծառայողների հետ մեքենայով վթարի է ենթարկվում, որի պատճառով ընկերները մահանում են: Ի՞նչ մեղք ունի նախարարը, որ զինվորը զենքի հետ վարվել չիմանալու պատճառով սպանում է իր ծառայակից ընկերոջը: Կամ ի՞նչ մեղք ունի նա, որ ջրծաղիկով հիվանդ զինվորին հրամանատարները «սիմուլյանտ» անվանելով՝ վազեցնել են տալիս և հետագայում բարձիթողի վիճակում զինվորը մահանում է: Ըստ իս` պատճառը առաջին հերթին անմիջական հրամանատարներն են:
    Նախարարի պարտականությունն է հանձնարարականներ տալը, որոնք պետք է հստակորեն կատարեն զորամասի հրամանատարները և նրանց ենթակաները: Զորամասի հրամանատարները պետք է խստիվ վերահսկեն վաշտի հրամանատերներին, վերջիններս էլ դասակի հրամանատարներին` խստությանը զուգահեռ ջերմ մարդկային մթնոլորտ ապահովելով զորամասերում:

  …Վերջերս նաև ինտերնետում տեղադրվել էր մի տեսանյութ, որտեղ նախարար Ս.Օհանյանը Ազգային ժողովում քնում է: Այդպիսի նյութ տեղադրելով՝ վայ լրագրողները երևի չեն էլ մտածել, որ խայտառակում են նաև մեզ, մեր հաղթական բանակին: Չի կարելի պաշտպանության նախարարի հետ կապված կեղծ սենսացիա «հրահրող» տեսանյութ դնել ինտերնետում, քանի որ մամուլին հետևում են ոչ միայն հայերը, այլև մեր հակառակորդները: Իսկ նրանց համար հաստատ բավարար չի լինի այն փաստը, որ նախարարն այդ տեսանյութի նախօրեին 20 ժամ աշխատել է, և ապա մեծ մամլո ասուլիս տվել և գերհոգնած վիճակում եկել Ազգային ժողով: Նրանք լուն փիղ դարձնելով` կձգտեն ծաղրուծանակի ենթարկել մեզ և մեր զինված ուժերը:
     Շատ ճիշտ է գրել «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը, նշելով, թե գեղեցիկ չէ պատերազմի հերոսին, որը ծանրագույն վերքեր է ստացել պատերազմի ընթացքում և այժմ կառավարում է ՀՀ զինված ուժերը՝ քնած վիճակում նկարել և գցել ինտերնետ: Կայքերից մեկում այս թեմայի վերաբերյալ մի հետաքրքիր քննարկում տեսա: Մեջբերեմ բլոգերների խոսքերը. «Ու հետո՞: Ի՞նչ կարիք կա դրա մասին խոսելու: Նախարարը մեծ մամուլի ասուլիս է ունեցել, գումարած իմացել եմ, որ նախարարությունում տագնապ է եղել… Ի՞նչ եք ուզում դրանով ասած լինել: Ադրբեջանցիների ջրաղացին ջուր եք լցնում, ինչը հավասարազոր է դավաճանության»,- գրել է «Մեռնեմ օրենքին» ծածկանունով մի բլոգեր: Մի ուրիշ բլոգեր հավելել է. «Ախր իր ծանրաբեռնվածությունը քիչ է, մի հատ էլ եկել ու տարբեր պիտանի և անպիտան ելույթներ է լսում… Ով գիտի ինչ ծանր օր է ունեցել»:

    Ցավոք, անտակտ, պետականության զգացողությունից զուրկ հոդվածներ հայտնվեցին հայկական լրատվամիջոներում: Պարզ է, թե ինչ բարբաջանքներ դուրս կտան ադրբեջանական ԶԼՄ-ները և տարբեր մակարդակի գործիչները:
                                                                                                               

11 февраля 2012 г.

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը

-Շարքային Իսրաելյան:
-Ես եմ:
-Հանդիսավոր երդումն ընդունելու կապակցությամբ ինձ մոտ:
-Լսում եմ,- ասացի ես ու շարային քայլով մոտեցա սեղանին: -Պարոն կապիտան, շարքային Իսրաելյանը հանդիսավոր երդումն ընդունելու կապակցությամբ ներկայացավ:
-Վերցրու գիրքը: Եեեեեեետ դարձ: Ասա երդումը:
-Ես Աշոտ Արամի Իսրաելյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր կերպով ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:
Անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս:
Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ    ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:
-Ետ դարձ: Դիր գիրքը, այստեղ ստորագրի: Շնորհավորում եմ:
-Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
-Կանգնել շարք:
-Լսում եմ,- ասացի ես ու նորից շարային քայլով կանգնեցի շարք:
Եվ այսպես մի քանի րոպեում, այսպիսի երկխոսության միջոցով դարձա հայ զինվոր:
Կարող եմ ասել, որ շատ պատասխանատու գործ է հանդիսավոր երդում ընդունելը՝ ձեռքում մարտական զենք բռնած: Երբ մոտենում ես սեղանին՝ սիրտդ անհանգստությունից թրթռում է, փորձում ես ամեն ինչ անել, որ երդումդ ինչքան հնարավոր է՝ գեղեցիկ ստացվի: Չէ±որ քեզ նայում են հարազատներդ, սպայական անձնակազմը և շատ ուրիշ մարդիկ... Խոստովանում եմ, որ երդումն ընդունելուց հետո ինձ զգում էի ոգևորված, և ծառայելու ցանկությունս կտրուկ բարձրացել էր:
   Զինվորական երդումն ընդունելուց հետո ստացա զինվորական գրքույկս, արձակման թերթիկս և գնացի տուն՝ մի քանի ժամով: 2 ամիս վաշտում ծառայելուց հետո շատ հաճելի էր նորից լինել տանը, բայց, ցավոք, երեկոյան պետք է լինեի զորամասում և հարազատներիս հետ շատ կարճ ժամանակ անցկացրեցի: Միևնույն է, շատ գոհ էի և նույն տրամադրությամբ էլ շարունակելու եմ ծառայել:

Հ.Գ. Ցանկանում եմ բոլոր ծառայող ընկերներիս, մոտիկ մարդկանց և ընդհանրապես բոլոր հայ զինվորներին մաղթել բարի ծառայություն և բարի վերադարձ: Թող ձեր ծառայությունը անցնի արագ, աննկատ և դուք տուն վերադառնալով չկարողանաք հասկանալ, թե ինչպես անցավ այդ երկու տարին: Բարին եմ ցանկանում ձեզ իմ ծառայակից եղբայրներ և համբերություն ձեր հարազատներին:
Եթե ցանկանում եք տեսնել իմ երդման հանդիսավոր արարողությունը, սեղմեք վերևում տեղադրված տեսանյութը: